Կառավարությունը որոշել է կանոնակարգել հոգեբուժարաններում սննդի ու հագուստի տրամադրման չափաքանակները: Համապատասխան առաջարկը առողջապահության նախարարության կողմից ներկայացվել է կառավարության քննարկմանը եւ կհաստատվի մայիսի 26-ի նիստում:
Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում հոգեկան տարբեր խնդիրներով տառապող շուրջ 45 հազ. հիվանդ կա, որոնց մոտ ախտորոշվել է մտավոր հետամնացություն, շիզոֆրենիա, շիզոտիպիկ եւ զառանցանքային խանգարումներ եւ այլն: Նշենք, որ Հայաստանում կան գործող 8 հոգեբուժարաններ, որոնք հանրության շրջանում առանձնապես բարձր վարկանիշ չունեն, մարդիկ միայն ծայրահեղ դեպքերում են հիվանդին ուղարկում հոգեբուժարան:
Առողջապահության նախարարության ներկայացրած տեղեկանքում նշված է, որ ներկայումս օրենսդրությամբ ամրագրված չեն հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց սննդի, հանդերձանքի, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները եւ դրանց շահագործման ժամկետները: Արդյունքում` հոգեկան հիվանդների համար նախատեսված սնունդը, հանդերձանքը, անկողնային ու հիգիենիկ պարագաները տրամադրվում են ըստ հայեցողության: Սահմանված չէ նաեւ հանդերձանքի եւ պարագաների շահագործման ժամկետները, ինչի արդյունքում օգտագործվում են հնամաշ հանդերձանք եւ պարագաներ:
ՀՀ 2011 թ. պետական բյուջեում հոգեբուժական ծառայությունում մեկ հիվանդի սննդի միջին օրական ծախսը սահմանվել է 860 դրամ, իսկ հանդերձանքի, անկողնային եւ սանհիգիենիկ պարագաների գծով` 353 դրամ:
Առողջապահության նախարարությունն առաջարկում է սննդի մեկ օրվա ծախսը ավելացնել մոտ 2 անգամ եւ սահմանել օրական 1705 դրամ: Հանդերձանքի եւ սանհիգիենիկ պարագաների նորմատիվի փոփոխություն չի առաջարկվում:
Միայն սննդի ծախսերի ավելացման պատճառով պետբյուջեում հարկավոր է հավելյալ 330 մլն դրամ (մոտ 900 հազ. դոլար) առանձնացնել:




























