Չեխիայի կառավարությունը վաղը արտահերթ նիստում կընդունի կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին որոշումը: Այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չորեքշաբթի արտահերթ նիստ է նշանակվել, որի ժամանակ մենք պետք է հավանություն տանք արտակարգ դրության ռեժիմ սահմանելու ծրագրին: Երկրում համաճարակաբանական իրավիճակը մտահոգություն է առաջացնում: Դա անհրաժեշտություն է»,-ասել է նա:
Պրահայում չեն կասկածում, որ կառավարությունը կողմ կքվեարկի արտակարգ դրության վերականգնմանը: Դրա գործողության ժամկետը կորոշվի՝ հաշվի առնելով երկրում համաճարակաբանական վիճակը:
Ընդդիմության ներկայացուցիչները եւս կողմ են ԱԴ ռեժիմի վերականգնմանը:
Պանդեմիայի սկզբից Չեխիայում, որի բնակչությունը կազմում է գրեթե 10,7 մլն, վարակվածների թիվը կազմում է 65 883: Ապաքինվել է 31 799 քաղաքացի: Ներկայումս բուժում է անցնում 33 466 պացիենտ: Սա ռեկորդային ցուցանիշ է պանդեմիայի սկզբից: Հոսպիտալացվել է 820 քաղաքացի, նրանցից 187-ի վիճակը գնահատվում է ծանր:





























