Կորոնավիրուսին հնարավոր է հաղթել հաջորդ տարվա վերջին, կարծում է Սեչենովի համալսարանի մանրէաբանության, վիրուսաբանության եւ իմունաբանության ամբիոնի վարիչ, ՌԳԱ ակադեմիկոս Վիտալի Զվերեւը։

«Կարծում եմ, որ հաջորդ տարվա վերջին այս ամենը կանհետանա։ Եթե, ինչպես ասում են, մեզ մոտ արդեն 30-ից 40 տոկոսը հակամարմիններ ունի, ապա, հավանաբար, համավարակը կհաղթահարենք, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա»,- այսօր «Ինտերֆաքսին» ասել է Զվերեւը։

Նրա խոսքով՝ մինչեւ բնակչության 70 տոկոսը իմունիտետ չունենա, կորոնավիրուսով հիվանդացությունը կաճի։ «Վիրուսը ոչ մի տեղ չի անհետացել։ Անպայման աճ կլինի։ Կարծում եմ՝ հունվար-փետրվարին անկման կգնա եղանակային պայմանների պատճառով։ Չնայած հիմա երթեւեկությունը սահմանափակված է (արտասահմանի հետ – խմբ․), բայց այն կա, վիրուսը կբերեն այնտեղից, տարածաշրջաններում իրավիճակը տարբեր է»,- ասել է Զվերեւը։

Նա նշել է, որ չնայած հիմա Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճ կա, բայց այն «սպասելի է, այդքան լուրջ չէ, որ հնարավոր լինի դրա մասին խոսել, մահճակալներով, բժիշկներով, դեղերով ապահովված են, վախենալու ոչ մի բան չկա»։

Ակադեմիկոսը հիշեցրել է, որ փետրվար-մարտին կորոնավիրուսով հիվանդացության աճը եղել է փաստացի երկրաչափական պրոգրեսիայով, իսկ հիմա «դա սովորական իրավիճակ է, այդ աճի մեջ ոչ մի սարսափելի բան չկա»։

Ի պատասխան հարցին՝ անհրաժե՞շտ է սահմանափակումները խստացնել, Զվերեւն ասել է․ «Կարծում եմ, որ չի կարելի դա անել։ Ինչպես ցույց է տվել փորձը, մեկուսացման մեջ եղող մարդիկ ավելի առողջ չեն դառնում, քրոնիակական հիվանդությունները խորանում են, չեն կարողանում ժամանակին բուժօգնություն ստանալ։ Պետք է նայել, թե որքան կորուստ կունենանք կորոնավիրուսից, եւ որքան մյուս սահմանափակող միջոցառումներից», պարզաբանել է  նա։

Զվերեւը խորհուրդ է տվել չմոռաալ նաեւ մյուս կորուստների մասին։ «Առցանց ուսուցումը ուսուցում չէ։ Գերմանացիներն ասում են, որ ամենամեծ կորուստները տեղի են ունեցել այն պատճառով, որ չի հաջողվել աշակերտներին եւ ուսանողներին լիարժեք կրթություն տալ։ Հավանաբար, սրան պետք է խելամիտ մոտենալ։ Կարելի է յոլա գնալ առանց զանգվածային միջոցառումների, բայց մարդկանց ամբողջությամբ փակելը հղի է լուրջ հետեւանքներով, եւ ժողովուրդն արդեն դրան չի արձագանքում»,- ասել է նա։