Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգային իրավունքի շրջանակներում լուծել, կանխել վարձկանների ու ահաբեկիչների մուտքը հակամարտության տարածք եւ էթնիկական ատելության հրահրումը: Այս մասին նա ասել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների Համակարգող խորհրդի տեսակապով նիստում, որին մասնակցել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի գլխավոր դատախազությունների պատվիրակությունները, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները եւ Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Չխոլ-Կյու Հուանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես միջազգային իրավունքի եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի շրջանակներում»,- ասել է Կրասնովը:
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ իր գործընկերները կշարունակեն պահպանել ինքնատիրապետումն ու զսպվածությունը ստեղծված իրավիճակում: «Միայն բանակցությունների սեղանի շուրջ խոհեմությունն ու երկխոսությունը հնարավորություն կտան խուսափել մարդկային կորուստներից, կանխել օրենքի խախտումները եւ ապահովել հակամարտության իրավիճակի խաղաղ կարգավորումը»,- ասել է ՌԴ դատախազը: «Համոզված եմ, որ այս շատ բարդ իրավիճակում դատախազները չեն կորցնի իրենց հինքնատիրապետումն ու ողջախոհությունը, նրանք կմնան զուսպ եւ կհիշեն, որ իրենք են օրինականության եւ իրավունքի երաշխավորները»:
«Հիմա առաջնային խնդիրն է պաշտպանել մարդկանց եւ ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքը, այդ թվում՝ կանխելով վարձկանների եւ ահաբեկիչների կողմից հակամարտության տարածք ներթափանցելու ցանկացած փորձ, մարդիկ, ովքեր շահույթ են ստանում ապօրինի զենքի վաճառքից եւ ֆինանսավորում են ահաբեկչական գործողությունները»,- ասել է Կրասնովը: «Համախմբվելով՝ մենք կկարողանանք դիմակայել ազգամիջյան թշնամանքի ծայրահեղ վտանգավոր դրսեւորումներին եւ անօրինական գործողություններ կատարելու կոչերին»:





























