2011թ. մայիսին Հայկական բժշկական ասոցիացիան ամփոփել է «Առողջ սնունդ` առողջ սիրտ» մրցույթի արդյունքները, որտեղ լավագույնն են ճանաչվել «Կովիկ» ապրանքանիշի կաթն ու կաթնամթերքը («Աշտարակ Կաթե ՓԲԸ) եւ «Դոկտոր» ապրանքանիշի մսամթերքը («Բեկոն պրոդուկտե ՍՊԸ ):
Հայկական բժշկական ասոցիացիայից NEWS.am-ին հայտնում են, որ 2010 թ. հոկտեմբերից ՀԲԱ-ն իրականացնում է «Առողջ սնունդ` առողջ սիրտ» ծրագիրը: ՀԲԱ-ի ստանդարտներին համապատասխանելու դեպքում, ծրագրի շրջանակներում, հատուկ մակնշման օգտագործման իրավունք է շնորհվում այն սննդամթերք արտադրողներին, որոնց արտադրանքի մեջ ճարպի, շաքարի եւ աղի բաղադրությունը հասցված է նվազագույնի եւ որոնք, հետեւաբար, վնասակար չեն առողջության համար: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել մի շարք սննդամթերք արտադրող ընկերություններ:
«Առողջ սիրտ» նշանը կրելու իրավունքի առաջին հավաստագրերի հանձման հանդիսավոր արարողությունը կայանալու է մայիսի 26-ին` «Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցի սրահում:




























