ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհուրդը հաստատել է տնօրենների նոր խորհրդի թեկնածուների ցանկը, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնացել է թեկնածուների ցանկում:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, խորհրդում առաջարկվել է 12 թեկնածու: Այժմ այն բաղկացած է 11 մարդուց:
Նորեկների մեջ են Alcatel ընկերության նախկին ղեկավար Սերժ Չուրուկը, «Վիմ-Բիլլ-Դանի» համահիմնադիր Դավիթ Յակոբաշվիլին եւ «Սիստեմայի» նախագահ Միխայիլ Շամոլինը:
Իրենց աթոռները կորցնելու են նախկին ավագ փոխնախագահ Սերգեյ Չերյոմինն ու Sistema Shyam Teleservices ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռաջիվ Մեհրոտրան:
Մյուս թեկնածուներն են ԱՖԿ-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնադիր Վլադիմիր Եվտուշենկովը, «Բաշնեֆտի» տնօրեների խորհրդի նախագահ Ալեքսանդր Գոնչարուկը, KPMG-ի նախկին նախագահ Ռոջեր Մանինգսը եւ այլք:
ԱՖԿ «Սիստեման» ռուսական խոշորագույն դիվերսիֆիկացված հոլդինգներից է, որ միավորում է ընկերությունների շարք հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, ապահովագրության, անշարժ գույքի, մանրածախ առեւտրի, բանկային հատվածի եւ բժշկության ոլորտի ընկերություններ: ԱՖԿ-ի հիմնական բաժնետերը Վլադիմիր Եվտուշենկովն է (62,18 տոկոս):




























