Թրամփի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ի պատասխան ղարաբաղյան հակամարտության մեջ նրա գործողությունների, եւ զգուշացրել են, որ Թուրքիայի գործողությունները պայմանավորված են քրիստոնյաների նկատմամբ թշնամանքով, հայտնում է Catholic News Agency-ը։

Կոչերը հնչել են «Թուրքիան հերթական քրիստոնեական ցեղասպանությունն է իրականացնում. Ինչու է լռում Թրամփի վարչակազմը» անվանումով հարթակային քննարկման ժամանակ, որը կազմակերպվել է ի պաշտպանություն քրիստոնյաների։

Քննարկմանը մասնակցել են «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության նախագահ Թուֆիկ Բաակլինին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Ամփարյանը, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտից Մայքլ Ռուբինը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունից Ռիչ Հազալը եւ Հունա-ամերիկյան առաջնորդների խորհրդի անդամ Էնդի Զեմենիդեսը:

Բաակլինիի խոսքով՝ Թուրքիան վտանգավոր դերակատար է, եւ «մենք ակնկալում ենք, որ Թրամփի վարչակազմը քայլեր կձեռնարկի»: Նա նշել է, որ Թուրքիայի նկատմամբ ներկայիս քաղաքականությունը չի աշխատում, եւ «նախագահ Թրամփն ու Կոնգրեսը պետք է խստորեն պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի դեմ»՝ քրիստոնյաների հանդեպ նրա թշնամանքի համար:

Քննարկման որոշ մասնակիցներ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել՝ ի պատասխան Թուրքիայի կողմից միջազգային համաձայնագրերի խախտման:

Ինչպես պարզաբանել է Հազալը, 2019-ի հոկտեմբերին պատժամիջոցները վերացվել են այն բանից հետո, երբ Թուրքիան համաձայնել է դադարեցնել կրակը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Սակայն այդ ժամանակվանից «Թուրքիան ավելի քան 800 անգամ խախտել է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարը»:

Հոկտեմբերի 8-ին զինյալները կրակ են բացել Շուշիի հայկական եկեղեցու ուղղությամբ: Տաճարի վրա հարձակումը դատապարտել են քրիստոնյա առաջնորդները եւ կրոնական ազատության պաշտպանները:

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հայտարարել է, որ «տագնապած է» եւ կոչ է արել պաշտպանել «աղոթատեղիները եւ կրոնական վայրերը»:

Ռոբերտ Ավետիսյանը նշել է, որ ներկայիս հակամարտությունն «աննախադեպ է», եւ որ բռնությունների մեծ մասի հետեւում կանգնած են Թուրքիայի կողմից վարձված վարձկանները: «Մեզ պետք է, որ աշխարհը բարձրաձայնի սա»,- ասել է Ավետիսյանը: «Մեզ պետք է, որ աշխարհը ներքաշվի այս իրավիճակում»:

Նա կոչ է արել ճանաչել Արցախը՝ հայտարարելով, որ դա ազդանշան կլինի Ադրբեջանի համար:

Մայք Ռուբինը նշել է, որ այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Արցախում, «որեւէ արդարացում չունի»: Նրա խոսքով, Թուրքիան պատմական պահանջներ չունի Արցախի նկատմամբ, Ռուբինը «հակամարտության միակ դրդապատճառ» համարում է «բացարձակ թշնամանքը»: Ռուբինը հայտարարել է, որ այդ թշնամությունը տարածվում է «ոչ թե հայերի վրա՝ որպես ժողովրդի, այլ քրիստոնեության վրա՝ որպես կրոնի»:

«Պարզ է դառնում, որ գուցե այլեւս չպետք է ընդունենք Թուրքիայի արդարացումները»,- ասել է նա՝ հավելելով , որ Անկարան ակտիվորեն աջակցում է «Իսլամական պետությանը»:

Զեմենիդեսը եւ Հազալը նշել են, որ տարածաշրջանում քրիստոնյաների թվի անկումը նման է ցեղասպանության ընդունված սահմանմանը:

Զեմենիդեսը հայտարարել է, որ «Արցախի գոյությունը անհարմարություն է» Թուրքիայի համար, եւ նշել է, որ ներկայումս երկրում ապրում է ավելի քան 2000 հույն-ուղղափառ քրիստոնյա, եւ Թուրքիայի վերաբերմունքը քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ «ամոթ» է համարել բոլոր արեւմտյան երկրների համար:

Ռուբինը նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «բոլորովին տարօրինակ» է որակել եւ կոչ է արել հետագա գործողությունների դիմել: Ըստ նրա, Կոնգրեսը պետք է «ավելի վճռական» լինի, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, եւ դա վերաբերում է երկու քաղաքական կուսակցություններին:

«Եթե մենք այս փուլում չկարողանանք դիրք զբաղեցնել, երբ ռմբակոծում են եկեղեցիները, երբ ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, երբ վերջը չի երեւում, դա ամոթալի բիծ կլինի մեր հավաքական խղճի վրա»,- ասել է Զեմենիդեսը:

Հազալը նաեւ կոչ է արել, որ Թուրքիան Միջազգային կրոնական ազատության գրասենյակի կողմից «առանձնահատուկ մտահոգություն առաջացնող երկիր» ճանաչվի: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «պետք է միջոցներ ձեռնարկի՝ կոշտ, կտրուկ պատժամիջոցների տեսքով, եւ դադարեցնի ռազմական օգնությունը»: