«Ոսկե Ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնը, որն այս տարի Երեւանում կկայանա հուլիսի 10-17-ին, 57 երկրներից արդեն 600 հայտ է ստացել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց փառատոնի մամուլի հարցերով պատասխանատու Քրիստինե Քյուրքլյանը։
Նրա խոսքով, կինոփառատոնի կազմակերպման առաջին տարում «Ոսկե Ծիրանին» մասնակցել են 11 երկրների ներկայացուցիչներ` ներկայացնելով 122 ֆիլմի հայտ, իսկ անցած տարի փառատոնն ստացել է մոտ 500 հայտ։ «Ընդ որում, «Ոսկե Ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնին ամենամեծ թվով հայտերն ստացվել են Ռուսաստանից եւ Ֆրանսիայից»,- նշեց Քրիստինե Քյուրքլյանը։
Հարցին, թե «Նաիրի» կինոթատրոնի՝ ապրիլից չգործելու պարագայում ֆիլմերն այս տարի ցուցադրվելու են բացառապես «Մոսկվա» կինոթատրոնո՞ւմ, նա պատասխանեց. «Հուսով ենք, որ կինոփառատոնի օրերին «Նաիրի» կինոթատրոնը կվերագործարկվի, եւ մենք այնտեղ կինոնկարներ ցուցադրելու հնարավորություն կստանանք։ Իսկ ընդհանրապես, ստիպված կլինենք թվային կամ DVD որակով ֆիլմեր ցուցադրել ե’ւ ՆՓԱԿ-ում, ե’ւ Թատերական ինստիտուտում, ե’ւ Տիկնիկային թատրոնում, ե’ւ «Նարեկացի» կենտրոնում»:
Նշենք, որ «Նաիրի» կինոթատրոնը չի գործում 2011 թվականի ապրիլի 1-ից։ Կինոթատրոնը վարձակալությամբ օգտագործում էր «Պարադիզ» ընկերությունը, որը, վարձակալության ժամկետն ավարտվելուն պես այլեւս չի ցանկացել այն երկարացնել: Բացի այդ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ կինոթատրոնի փակվելը պայմանավորված է սեփականատիրոջ փոփոխությամբ: Ըստ այդմ, «Նաիրի» կինոթատրոնը գնել է «Տաշիր Գրուպի» նախագահ, մոսկվաբնակ Սամվել Կարապետյանը: «Նաիրի» կինոթատրոնի ղեկավարությունը հերքել էր մամուլում տարածված այս լուրերը։




























