Երեւանի Արցախի փողոցում մայիսի 17-ին տեղի ունեցած ավտովթարից (ֆոտոռեպորտաժ) տուժած 9 ուղեւորներից դեռեւս «Էրեբունի» բժշկական կենտրոնում են գտնվում երկուսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Ինչ վերաբերում է վթարից տուժած եւ արդեն երկու անգամ վիրահատված 7-ամյա երեխային, ապա Հունանյանի խոսքով, նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր` դրական դինամիկայով:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին վիրահատել էին երեխայի ծնոտը: Այնուհետեւ այրվածքների փուլային վիրահատության առաջին վիրահատությունն են արել, որի ժամանակ վնասված հյուսվածքներն են հեռացրել, ինչին կհաջորդեն մի քանի վիրահատություններ եւս: Երեխայի մարմնի 17 տոկոսը այրված է, այրվածքները` 3-4-րդ աստիճանի են: Շուշան Հունանյանը նշեց, որ այս պահին հայտնի չէ, թե երբ կլինի մյուս վիրահատությունը, հավանաբար մեկ շաբաթից կանեն պլաստիկ վիրահատություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար էին բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները: Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել էր եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել: Մարդիկ մեքենաների մեջ կենդանի-կենդանի այրվել են: Դեպքի վայր է ուղարկվել երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22:35-ին: Վթարից մահացել էր 4 եւ վիրավորվել 9 մարդ:




























