Փորձագետների գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսությունը 2020 թվականն ավարտում է 4,4 տոկոս անկմամբ։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարը նշեց, որ 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կորոնավիրուսի համավարակի պատճառով նվազել է 5,7 տոկոսով։
«Հիմնական բացասական ազդեցությունը գրանցվել է ծառայությունների ոլորտում։ Պահանջարկի նվազումը կապված էր սպառման եւ ներդրումների կրճատման հետ»,- ասաց Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ ամենախորը տնտեսական անկումը բաժին է ընկել ապրիլին, որն, այդուհանդերձ, մայիսին թուլացել է։





























