Մակրոտնտեսական կայունության ապահովումը ներդրումների ներգրավման եւ Հայաստանի տնտեսության ներուժի բարձրացման կարեւորագույն երաշխիքը պետք է դառնա: Այս մասին նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին  2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ըստ նրա` մակրոտնտեսական կայունությունն ուղղված է մեծ եկամուտների գեներացմանը, ինչը պետության անվտանգության, մարդկային ներուժի զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության եւ, առհասարակ, կենսագործունեության բոլոր ոլորտների ապահովման գրավականն է:

«Հայաստանի Կենտրոնական բանկի հետ սերտ համագործակցությամբ այս տարի մեզ հաջողվեց մակրոտնտեսական կայունություն ապահովել, ինչն աննախադեպ երեւույթ է ներկայիս պայմաններում` հատկապես հաշվի առնելով COVID-19 համավարակը եւ Թուրքիայի մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը Ղարաբաղում»,- շեշտեց Գրիգորյանը:


.