Օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան կողոպուտը կազմակերպելու մեջ մեղադրվող գործարար, «Կոշիկի քաղաք» խանութների ցանցի սեփականատեր Արա Կարապետյանին:
Գործարարի փաստաբանները, ըստ «Հրապարակ»-ի, համոզված են, որ վճիռն անօրինական է, եւ պատրաստվում են այն բողոքերկել: Երեկ էլ Արա Կարապետյանի բարեկամներն ու հարազատներն էին հավաքվել նախագահականի մոտ եւ բողոքում էին դատական պրոցեսի ժամանակ կատարված անօրինականությունների դեմ: «Մենք պահանջում ենք հաշվի առնել այն ապացույցները, որոնք մենք ներկայացրել էինք դատարանին, եւ դատարանը գնահատման չի արժանացրել»,-ասել է փաստաբան Լուսինե Գրիգորյանը: Նրան եւ Արա Կարապետյանի հարազատներից մի քանիսին նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնում ընդունեցին եւ, խնդիրը լսելով, խորհուրդ տվեցին` եթե գործում կեղծիքներ են տեսնում, անհրաժեշտ է նամակում գրել եւ հիմնավորել այդ թերությունները, ինչպես նաեւ կցել անհրաժեշտ փաստաթղթեր, որից հետո նախագահականից կպատասխանեն:



























