Հունաստանը երեք շաբաթով համազգային ​​կարանտին է մտցնում` փորձելով զսպել COVID-19-ով վարակման դեպքերի աճը, փոխանցում է Reuters-ը:
«Ես նախընտրեցի կտրուկ միջոցներ ձեռնարկել»,- ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Շաբաթ օրը ուժի մեջ մտնող համազգային ​​նոր սահմանափակումների համաձայն` մանրածախ խանութները կփակվեն, բաց կմնան միայն սուպերմարկետները եւ դեղատները: Փողոց դուրս գալու համար քաղաքացիական անձինք ժամանակավոր թույլտվություն պետք է ունենան: Հիմնական դպրոցները բաց կմնան, սակայն միջնակարգ դպրոցները կփակվեն:

Հոկտեմբեր ամսվա սկզբից երկրում վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Չորեքշաբթի Հունաստանում գրանցվել է 2.646 դեպք, ինչը ամենաբարձր օրական ցուցանիշն է բռնկումից ի վեր, ինչի հետեւանքով երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 46.892-ը: Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսից մահացել է 673 մարդ: