Արարատի մարզում մայիսի 26-ին Այնթափ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 տանը հայտնաբերվել է 58-ամյա Գայանե Ասոյանի դիակը` բռնության հետքերով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ քննչական խումբը` վարչության պետ Արսեն Աբրահամյանի, Մասիսի բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի, քննչական բաժնի պետ Ղահրամանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել են նաեւ դատական բժիշկն ու փորձագետը:

Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Թադեւոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Քննիչի կողմից նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն:

Մինչ քննչական մարմինը կստանար փորձաքննության արդյունքները, Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը մայիսի 28-ին Այնթափ գյուղի 12-րդ փողոցի թիվ 29 տնից սպանություն կատարելու կասկածանքով  բերման է ենթարկել նույն տան բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող 23-ամյա Աշոտ Շահզադյանին:

Նախաքննությամբ պարզվել է, որ նա մայիսի 26-ի երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, Գայանե Ասոյանի տան բակում, ապա նաեւ տան ննջասենյակում վիճաբանել է նրա հետ եւ բռունցքներով հարվածելով նրա դեմքին` սպանել նրան: Սպանությունից հետո Շահզադյանը դիմել է փախուստի:

Քննիչի որոշմամբ, Ա. Շահզադյանը ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Այսօր քննիչը դիմելու է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Շահզադյանի նկտմամբ կիրառվի երկամսյա կալանք:

Քննիչի կողմից նշանակվել է նաեւ դատահոգեբուժական փորձաքննություն:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի