Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի, քանի որ դրա համար նախադրյալներ չկան: Մայիսի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Խոսելով հերթական խորհրդարանական ընտրությունների մասին՝ նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն դեռեւս չի որոշել ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը։ «Այդ հարցը կորոշվի աշնանը»,- հայտնեց նա։
Մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կգնա խորհրդարանական ընտրությունների, պատգամավորը նկատեց, որ այդ հարցի լուծումը պատկանում է յուրաքանչյուր առանձին վերցված կուսակցության, եւ ինքը նորմալ է վերաբերում այդ հայտարարությանը։ «ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են»,- նկատեց Շարմազանովը։
Նա զերծ մնաց կանխատեսումներ անել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորության շուրջ՝ նշելով, որ այդ հարցը որոշում է ինքը՝ Քոչարյանը։




























