Հայկական գյուղի հիմնախնդիրը սխալ կլիներ սահմանափակել գյուղատնտեսական խնդիրներով: Ի տարբերություն չափազանց ուրբանիզացված երկրների, որտեղ գյուղական համայնքները բնակչության չնչին տոկոսն են կազմում` Հայաստանում գյուղը, պատկերավոր ասած, մեր իրականության անկյունաքարերից մեկն է:
Համաշխարհային գործընթացների մասնակից լինելով` Հայաստանում հենց գյուղն է դառնում հայկական ավանդույթների պահպանման երաշխիք: Այդ պատճառով սոցիալ-տնտեսական բնույթի հետեւանքներից բացի, գյուղի կործանումը կարող է լուրջ բարոյահոգեբանական հարված հասցնել ամբողջ հայ ազգին: Հետեւաբար, հայկական գյուղի վերածննդի հիմնախնդրի լուծումը պետք է դառնա նաեւ Սփյուռքի կարեւորագույն խնդիրը:
Ըստ էության, մեր գյուղատնտեսությունը ոչ թե ֆերմերային է, այլ սպառողական, կիսաապրանքային գյուղացիական է: Արտադրանքի մեծ մասի սպառումը հենց գյուղական տնտեսություններում արտադրության փոքր ծավալների հետեւանք է: Գյուղատնտեսության համախառն արդյունքը մեկ ֆերմերային տնտեսության հաշվով կազմում է տարեկան 4 հազար դոլար կամ ամսական 333 դոլար: Քանի որ արտադրության ապրանքայնությունը ցածր է, միջին ֆերմերի փաստացի դրամական եկամուտն այդ գումարի միայն մի մասն է կազմում:
Աղքատությունը հանգեցնում է արտագաղթի գյուղական համայնքներից այլ երկրներ: Սկզբում մեկնում են տղամարդիկ` հայրերն ու որդիները: Այնուհետեւ օտար երկրում հիմնավորվելուց հետո նրանց են միանում նաեւ ընտանիքի մյուս անդամները: Բացառված չէ, որ տարիներ անց նրանք կկորցնեն հայկական ինքնությունը:
Գյուղում աշխատանքների մեխանիզացիայի ցածր մակարդակի հետեւանքով մեծ է ֆիզիկական աշխատանքի բաժինը: Այդ պատճառով գյուղից աշխատունակ բնակչության արտահոսքը կրճատում է ֆերմերային տնտեսությունների ընդհանուր աշխատանքը: Այդ ամենի հետեւանքով ցածր են ֆերմերային տնտեսությունների արտադրանքի աճի տեմպերը, գյուղատնտեսական ապրանքների շուկայում խախտվել է առաջարկ-պահանջարկ հավասարակշռությունը:
Ազգային շուկայում տեղական արտադրանքի պակասը կարող է հանգեցնել ներմուծման աճի: Նախադեպն արդեն կա: Անցած ձմռանը վաճառքում հայտնվեցին թուրքական լոլիկներ: Իսկ ժամանակին Հայաստանն էր տասնյակ հազարավոր տոննա լոլիկ արտահանում ԽՍՀՄ հանրապետություններ: Բացառված չէ, որ առաջիկայում Հայաստանի քաղաքների շուկաներում հայտնվեն Թուրքիայից ներմուծած բանջարեղենի այլ տեսակներ:
Հայաստանի գյուղատնտեսությունը ֆինանսական աջակցության սուր կարիք ունի: Սակայն պետական բյուջեի սուղ միջոցները թույլ չեն տալիս ոլորտին լիարժեք օգնություն ցուցաբերել: Այս պայմաններում մեր ֆերմերներին բազմաթիվ ուղղություններով կարող է օգնել հայրենասիրական մղումներ ունեցող Սփյուռքը: Այդ ուղղությունները կարող են լինել անասնաբուծական համալիրները, մեքենատրակտորային կայանները, կոոպերատիվների կազմակերպումը, վերամշակման փոքր գործարանների կառուցումը գյուղերում: Այդ միջոցառումների իրագործումը թույլ կտա հայկական գյուղին դուրս գալ ծանր ճգնաժամից եւ կկրճատի արտագաղթը գյուղական համայնքներից, իսկ ապագայում նույնիսկ կխթանի մեկնածների վերադարձը:




























