«Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար»: Այս նախադասությունը վերցված է «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքից (հոդված 7):

Մեջբերելով օրենքի այս դրույթը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր` մայիսի 30-ին ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ բանավեճի ընթացքում հայտարարեց, որ կառավարությունը պարտավոր է ինդեքսավորել կենսաթոշակները` կենսապահովման բյուջեին համապատասխան:

Նշենք, որ Հայաստանում միջին ամսական կենսաթոշակը 27,1 հազ. դրամ է, իսկ պարենային նվազագույն զամբյուղը` 35,4 հազ. դրամ, նվազագույն սպառողական զամբյուղը` 62,6 հազ. դրամ:

Պատգամավոր Հ. Հակոբյանը հակադարձեց, որ օրենքի այդ ձեւակերպումը չի պարտադրում ինդեքսավորել կենսաթոշակները, իսկ դրանք բարձրացնելու միակ միջոցը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումն է, որը Հայաստանում տեղի է ունենալու 2014 թ. հունվարի 1-ից: Հ. Հակոբյանի խոսքով` կենսաթոշակի չափը քաղաքական որոշում է, որն ընդունվում է յուրաքանչյուր տարվա բյուջեն հաստատելիս:  Սակայն այս բացատրությունը Թ. Մանասերյանին համոզիչ չթվաց, ուստի նա հայտարարեց, որ նախ պետք է օրենքները կատարել, հետո մտածել դրանք կատարելագործելու մասին: