Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ֆրանսիական «Սաուր» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Պատրիկ Լորենին առաջարկել է մասնակցել Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման առաջիկա մրցույթին:

Այսօր` մայիսի 31-ին Կարեն Կարապետյանը հանդիպել է ֆրանսիական «Սաուր» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Պատրիկ Լորենի եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարիչ, «Սաուր Սեւան» ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Միշել Ֆուրեի հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը ներկայացրել են իրենց գործունեությունը Հայաստանում, ջրամատակարարման ոլորտում իրականացված ծրագրերը եւ ընդծել, որ բացի ջրամատակարարումից «Սաուր» ընկերությունը մասնագիտացած է նաեւ  այլ ոլորտներում, մասնավորապես, աղբահանության, աղբի վերամշակման ու տեսակավորման:

Կարեն Կարապետյանն ընդգծել է Երեւանում ներդրումային հետաքրքրություններ ունեցող ոլորտների` մասնավորի կառավարմանը հանձնելու քաղաքապատերանի դիրքորոշումը եւ նշել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է եւ բաց է փոխշահավետ համագործակցության ցանկացած առաջարկ քննարկելու համար: