Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամն այսօր` մայիսի 31-ին այցելել են Գորիսի վերակառուցված բժշկական կենտրոն, ծանոթացել պայմաններին եւ հնարավորություններին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնը հիմնանորոգվել է ՀԲ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում, հագեցվել բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով: Տարեսկզբից հաստատությունն արդեն որակյալ բուժծառայություններ է մատուցում քաղաքի եւ տարածաշրջանի բնակչությանը: Հյուրերին տեղեկացվել է, որ նախկինի համեմատ էապես կրճատվել է մայրաքաղաքի հիվանդանոցներ դիմողների թիվը, ինչը դժվարություններ էր ստեղծում հեռավոր մարզի բնակիչների համար: Բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 2.9 մլն դոլար:
Հյուրերն այցելել են նաեւ Գորիսի պետական համալսարան, հանդիպել դասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Նախկինում Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը 2006թ-ից արդեն գործում է որպես առանձին համալսարան: Պատվիրակությանը ներկայացվել է, որ նախկին 2-3 մասնագիտությունների փոխարեն ներկայումս բուհն ունի 11 մասնագիտություն եւ շուրջ 2000 ուսանող:
Այցի ավարտին ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը եղել են Տաթեւում, ծանոթացել «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հեռանկարներին, նաեւ Հալիձորից Սատանի կամուրջ տանող ճանապարհի վիճակին, որը վերակառուցվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ:



























