Երեւանի Շտապօգնության ծառայության ստացած կանչերի մեջ վերջին մի քանի ամիսներին մեծ թիվ են կազմում ինքնասպանության փորձ արած քաղաքացիների հարազատների կանչերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Երեւան քաղաքի Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Մարդիկ իրենց կյանքին վերջ տալ փորձում են տարբեր միջոցներով՝ սկսած մեծ քանակությամբ դեղահաբեր չարաշահելուց, վերջացրած էսենցիա խմելով»,- տեղեկացրեց նա:

Բժշկուհին նշեց նաեւ, որ գարնան ամիսներին ստացվող կանչերի մեջ մեծ թիվ են կազմում հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների սրացման, զարկերակային ճնշման տատանումների պատճառով գրանցվող կանչերը։ «Ընդ որում, Հայաստանում այս հիվանդությունները վերջին մի քանի տարներին բավական երիտասարդացել են։ Կանչերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ սիրտ-անոթային խնդիրներ սկսում են ի հայտ գալ հազիվ 40 տարեկան անձանց մոտ, հանդիպում են նաեւ ավելի երիտասարդ տարիքի՝ 30-35 տարեկան անձանց պարագայում»,- ամփոփեց Թագուհի Ստեփանյանը: