Երբեմն Հայաստանի տնտեսությունը որակում են «հումքային». Պետք է ենթադրել, որ որակման հիմքում դրվում է երկրի արտահանման մեջ հումքի տեսակարար կշիռը:

Արտահանման կառուցվածքում ակնհայտ անհամաչափություն կա: ՊԵԿ-ի տվյալներով, անցած տարի արտահանման 20,7 տոկոսն ապահովել է միայն պնղձի հանքանյութն ու պղնձի խտանյութը: Արտահանման մեջ կշիռ ունեցող ապրանքների ցուցակում հանդիպում են նաեւ հումքի այլ տեսակներ: Սակայն երրորդ տեղում ոգելից խմիչքն է, հիմնականում կոնյակ` 9,5 տոկոս: Խնդիրն այն չէ, որ արտահանման մեջ հումքը մեծ բաժին ունի, խնդիրն այն է, որ արտահանումը բազմազան չէ եւ փոքր ծավալ ունի: Անցած տարվա տվյալներով, ներմուծումը 3,7 անգամ գերազանցում է արտահանումը:

Արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալում լեռնահանքային ճյուղը ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 19,1 տոկոսը: Հետեւաբար, մեր արդյունաբերությունում ճնշող բաժինը հասնում է վերամշակող ճյուղերին, էներգետիկային եւ գազի մատակարարմանը:

Հումքային տնտեսությամբ երկրների հետ համեմատվելու համար դիտարկենք Ադրբեջանը: Անցած տարի այդ երկրի արտահանման 85,5 տոկոսը կազմել է չմշակված նավթը: Ադրբեջանի արդյունաբերությունը գործնականում սահմանափակվում է նավթով եւ նավթամթերքներով: Ընթացիկ տարվա առաջին ամիսներին արդյունաբերության համախառն արդյունքում նավթամթերքը կազմել է 81 տոկոս:

Հայաստանում այլ պատկեր է: Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ընթացիկ տարում գերակշռում է վերամշակող արդյունաբերությունը` 58,3 տոկոս: Բացի այդ բնական մոնոպոլիաների ոլորտը` էլեկտրաէներգիայի արտադրություն եւ մատակարարում, գազի առաքում կազմում է 20,5 տոկոս եւ գերազանցում է լեռնահանքային արդյունաբերությունը:

Հայաստանի սննդի արդյունաբերությունը զբաղեցնում է 30 տոկոս եւ այդ ցուցանիշով գերազանցում է Ադրբեջանի արդյունաբերության բոլոր ճյուղերը (բացառությամբ նավթի) միասին վերցրած` 19 տոկոս: Պետք է հաշվի առնել, որ ընթացիկ տարում Հայաստանում կրճատվել է ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրությունը: