«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհանես Մարգարյանը համոզված է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու ոչ քաղաքական, ոչ իրավական հիմքեր չկան։ Նման տեսակետ նա հայտնեց հունիսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով կայացած հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածին, թե Հայաստանում կան արտահերթ ընտրություններ անցկացնելու բոլոր հիմքերը։
«Արտահերթ ընտրություններ չեն լինի,մանավանդ որ, հերթականները սարերի հետեւում չեն։ Բացի այդ, քաղաքական ոչ մի ուժ առուն չթռած թող հոպ չասի»,- ակնարկեց նա։
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն իր հերթին կասկած հայտնեց, որ Հայաստանում առաջիկայում կարող են արտահերթ համապետական ընտրություններ անցկացվել։ «Այս մասին խոսելը կարծես վատ սովորույթ է դարձել, իսկ եթե անգամ նման բան լինի, ես դա կհամարեմ ոչ թե երկխոսության արդյունք, այլ իրար «պաս» տալու մի գործընթաց»,- նկատեց պատգամավորը։
Անդրադառնալով ՀԱԿ գործունեությանը՝ Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ իր համար անընդունելի է քաղաքական այդ ուժի «մենտորական տոնայնությունը»։ «Քաղաքական դաշտում որեւէ մեկի առաջնությունը չեմ ընդունում։ Իսկ ՀԱԿ-ը միակը լինելու խնդիր ունի։ Պարզապես ամբողջ խնդիրն այն է, որ ժողովուրդը միանշանակ չի ընդունում եւ հավատում այդ ուժին»,- ամփեփեց Ալավերդյանը։



























