Գլենդելի 40-ամյա մի բնակչի ձերբակալել են մայիսի 30-ին, երբ նա թաքնվել է ավտովթարի վայրից, ապա ընդհարման մեջ մտել ոստիկանների հետ, գրում է «Glendale News-Press»-ը:

Փայլակ Հարությունյանը ձերբակալվել է երեխայի կյանքին վտանգ սպառնալու, ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու եւ վթարի վայրից փախուստի դիմելու մեղադրանքով:

Քննության վարկածով, Հարությունյանը եղել է սպիտակ Toyota Venz մակնիշի մեքենայի ղեկին, մեքենայում գտնվել են նաեւ նրա կինն ու երկու երեխաները: Նա բախվել է կայանված երկու այլ մեքենաների:

Ավելի ուշ ոստիկանները Հարությունյանին նկատել են փողոցում եւ հրահանգել կանգ առնել: Երբ նրան հարցրել են վթարի մասին, տղամարդը արհամարհել է հարցն ու փորձել է հեռանալ: Սպան փորձել է բռնել նրա ձեռքը, բայց Փայլակը քաշել է այն եւ բռունցքով հարվածել ոստիկանի դեմքին, ընդ որում այդ պահին նրա ձեռքում եղել է 2 տարեկան դուստրը:

Գործը քննելու է Լոս-Անջելեսի շրջանային դատախազը: