Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունելի է համարում, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել երկխոսության գնալ իշխանությունների հետ:

«Շատ ողջունելի է, որ արմատական ընդդիմությունը նման առաջարկ է ներկայացնում իշխանություններին։ Իմ կարծիքով հանրապետության նախագահը կգնա այդ քայլին եւ կկազմակերպի այդ երկխոսությունը, որը, իհարկե, համոզված եմ՝ բխելու է Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի շահերից»,- այսօր` հունիսի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից առաջ քաշված պահանջներին, մասնավորապես, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն,  որոնց շուրջ ՀԱԿ-ը պատրաստ են գնալ երկխոսության, ԱԺ նախագահն ասել է. «Ողջամիտ առաջարկները պատրաստ ենք քննարկել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ՀԱԿ-ի հետ երկխոսության համար իշխանությունը ե՞րբ կձեւավորի իր պատվիրակությունը, եւ այդ պատվիրակության կազմում կլինե՞ն արդյոք կոալիցիոն ուժեր, խորհրդարանի խոսնակն արձագանքել է, թե երկխոսության ձեւաչափն ու ժամանակը պետք է որոշի Սերժ Սարգսյանը:

«Այդ ֆորմատը դեռ չենք քննարկել, բայց առաջիկայում երեւի հայտնի կլինի»,- ասել է նա: