Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ կթողարկի «Հովհաննես Թումանյան/Վալերի Բրյուսով», իսկ Բելառուսի հետ` «Մայրաքաղաքներ» նամականիշները: Դրա վերաբերյալ այսօր` հունիսի 1-ին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը համաձայնագրեր կնքեց համապատասխանաբար` Ռուսաստանի կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շոգոլեւի եւ Բելառուսի կապի ու տեղեկայնացման նախարար Նիկոլայ Պամպելեյի հետ:
Հ. Թումանյանն իր ստեղծագործություններում անդրադարձել է ոչ միայն հայի ազգային ոգուն, պատմությանը, ամենանվիրական երազանքներին ու իդեալներին, այլեւ` օտար լեզուներից հայերեն է թարգմանել 19-20-րդ դարերի համաշխարհային գրականության մեծերի գործերը, այդ թվում` բազմաթիվ ռուս գրողների ստեղծագործություններ:
Վալերի Բրյուսովը ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից է. պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ եւ պատմաբան: Մեծ հետաքրքրությւոն է ունեցել հայ պոեզիայի նկատմամբ, հայերենից թարգմանել եւ կազմել է «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» ժողովածուն: Էական դեր է ունեցել հայ պոեզիայի մասսայականացման հարցում: 1915 թ. հսկայական օժանդակություն է ցույց տվել Մեծ եղեռնից տուժածներին: 1923 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման: Բրյուսովի անունով է կոչվում Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը:
Ինչ վերաբերում է հայ-բելառուսական «Մայրաքաղաքներ» նամականիշերին, ապա Երեւանն այնտեղ ներկայացված է 3 սիմվոլներով:
«Երեւան» նամականիշի աջ կողմում պատկերված է ՀՀ Ազգային պատկերասրահը` կառուցված 1921 թ.: Նամականիշի ձախ կողմում պատկերված է հուշարձան` ի հիշատակություն այն պատմական փաստի, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը 301 թ. Քրիստոնեությունը պաշտոնապես ընդունել է որպես պետական կրոն: Նամականիշի վրա պատկերված է նաեւ Երեւանի զինանշանը:
«Մինսկ» նամականիշի վրա պատկերված են Քաղաքի Դարպասները, Հաղթանակի հուշարձանը եւ մայրաքաղաքի զինանշանը: Քաղաքի դարպասները 11 հարկանի 2 շինություններ են, որոնք կառուցված են ստալինյան կլասիցիզմի ոճով` ըստ լենինգրադյան ճարտարապետ Բ. Ռուբոնենկոյի նախագծի: Հաղթանակի հուշարձանը 1954 թ. Մինսկի Հաղթանակի հրապարակի կենտրոնում տեղադրվեց ի պատիվ կարմիր Բանակի զինվորների եւ պարտիզանների, որոնք զոհվել են 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ:




























