Երեւանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումին եւ կավահող արտադրող խոշորագույն «Ռուսալ» ընկերության կազմի մեջ, առաջինը Հայաստանում գործնականում կիրառեց «Կայձեն» հայեցակարգի վրա հիմնված արտադրական համակարգը, եւ արդեն ստացավ լուրջ տնտեսական արդյունք: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Կայձենը» արդիականացում չէ, այլ մշտական բարելավում` առանց քիչ թե շատ էական ֆինանսական ներդրումների` բացարձակապես ի հաշիվ ներքին պահուստների: Այս գործընթացը պետք է կատարվի անընդմեջ», - ասում է «Արմենալի» արտադրական համակարգերի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը:
Կայձենների թվում, որոնք գտել են գործնական կիրառում, Ա.Զաքարյանը հիշատակեց ձուլավառարանի ելուստի կառուցվածքի փոփոխությունը:
Վառարանից դեպի շերեփ հալված ալյումինի լցման ժամանակ քառակուսի կտրվածքի նախորդ ծորակը ստեղծում էր մետաղի սառեցման վտանգ:
Ծորակի նոր կառուցվածքը, որ առաջարկել է ձուլող Վանիկ Գրիգորյանը, բացառում է մետաղի կորստի հնարավորությունը:
Տեխնոլոգ Տիգրան Առուստամյանը եւ վարպետ Նարեկ Ղազարյանը, ելնելով քսա-սառեցնող հեղուկի (ՔՍՀ) օգտագործման փաստական ծավալից “Կվարտո-1800” գլանման հաստոնի վրա, առաջարկեցին անջատել ՔՍՀ-ի մաքրման երկու զտիչներից մեկը եւ պահուստավորել այն: Դա կրճատեց էլեկտրաէներգիայի, ինչպես նաեւ զտող եւ սպիտակեցնող նյութերի ծախսը` գլանվածքի որակի եւ այլ չափորոշիչների պահպանման պարագայում: Ծրագրի իրականացումից ստացվող տարեկան տնտեսումը կազմում է ավելի քան 30 հազար դոլար:
«Կայձեն» հայեցակարգը մշակված է Ճապոնիայի մեքենաշինական ձեռնարկություններում, այն հաջողությամբ զարգացվում է աշխարհի խոշորագույն ընկերություններում:
ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի զարգացումը, որ հիմնված է «Կայձեն» հայեցակարգի մեթոդոլոգիայի և գործիքների վրա, ԱՐՄԵՆԱԼ-ում սկսվել է մի քանի ամիս առաջ: Հունիսի 1-ի դրությամբ, գործարանում ներդրվել է շուրջ 90 կայձեն-առաջարկություն:




























