Ռուսաստանի հայերի միության` Սոչիի Լազարեւսկի շրջանի կառույցի ղեկավարությունը հրաժարական է տվել: Պատճառը տվյալ շրջանում գեներալ Անդրանիկի արձանի ապամոնտաժումն էր:
«Հակամարտությունը վերացված է, ՌՀՄ Լազարեւսկի շրջանի ղեկավարությունը հրաժարական է տվել` գիտակցելով իր սխալը: Այժմ պատրաստվում են բոլոր իրավական փաստաթղթերը եւ շուտով արձանը տեղադրվելու է Ադլերում»,- youtharmenia.ru կայքին հայտնել է ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցը:
Գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանը տեղադրվել էր մի քանի օր առաջ Սոչիի Լազարեւսկի շրջանի Վոլկոնկա գյուղում: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Մարատ Մինասյանն էր, իսկ քանդակը ստեղծվել էր հանրային զոհաբերություններով: Հուշարձանի պաշտոնական բացումը նախատեսված էր մայիսի 28-ին, սակայն Լազարեւսկի շրջանի ղեկավարությունը սպառնացել էր, որ եթե այն չապամոնտաժվի հայերի ուժերով, ռուսական կողմը «բուլդոզերներով կքանդի արձանը, իսկ ՕՄՕՆ-ը կձերբակալի հայերին»:



























