«Հանրապետություն» կուսակցությունից Սուրեն Աբրահամյանն եւ ՀՀԿ-ից Արտակ Դավթյանը ՀԱԿ վերջին հանրահավաքից հետո երկխոսության հիմքն են դնում: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրեն Աբրահամյանը: «Այսօրվա քաղաքական գործընթացները տանում են միասնության: Թե´ առաջին նախագահի, թե´ գործող նախագահի քայլերը տեղավորվում են մեկ  գաղափարի մեջ` տունը, որտեղ չկա միասնություն, կանգուն մնալ չի կարող: Իշխանության եւ ընդդիմության գործունեության նպատակները պետք է նույնը լինեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ասուլիսի մյուս բանախոսը` Արտակ Դավթյանը: Իսկ Սուրեն Աբրահամյանը նշեց, որ ավելի շատ իշխանության վարքագծի մեջ են փոփոխություններ նկատվում, իսկ իրենք իրենից գիծը տանում են: «Մեր նպատակը ոչ թե գործող իշխանությունը մեզանով փոխարինելն է, այլ երկրում լեգիտիմ իշխանություն ձևավորելը, քանի որ այսօր մեր երկիրը կանգնած է լուրջ արտաքին մարտահրավերների առաջ»,- ասաց նա` հավելելով, որ ՀԱԿ-ի և իշխանությունների դիրքորոշումներում փոխվել են մոտեցումները, գնահատականները չեն փոխվել:

Ինչ վերաբերում է երկխոսության ձեւաչափին, օրակարգին, ապա ընդդիմադիր գործչի խոսքով` դժվարն իրար առաջ նստելն ու գործընթացը սկսելն է: Մեկ բան եւս` ընդդիմությունը չի պարտադրելու իր օրակարգը իշխանություններին, հնարավոր է` իշխանությունն իր օրակարգով գա եւ այլ առաջարկներ անի: «Մեզ մեկնած ցանկացած բարեկամական ձեռք  չեք մերժելու: Հասարակությանը հուզող բոլոր հարցերն էլ կարող են քննարկվել և իրենց լուծումները գտնել»,- նշեց Արտակ Դավթյանը:

Սուրեն Աբրահամյանը նշեց, որ  իշխանությունները քայլեր են արել, ընտրական օրենսգիրքը փոխել են, բաց դա ընտրական գործընթացների հետ կապ չունի. «Եթե օրենք ընդունվեր Լիսկայի մասին (խոսքը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին է-NEWS.am), սափրագլուխների մասին, միգուցե մենք կմտածեինք, որ կարելի էր գնալ նորմալ ընտրությունների, թե չէ մեր բոլոր ընտրական օրենսգրքերն էլ լավն են եղել, պարզապես գործընթացները ճիշտ չեն ընթացել»,- ասաց նա:

Նշենք, որ ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ Հանրապետության ներկայացուցիչը չմանրամասնեցին երկխոսության օրակարգը եւ պատվիրակության կազմը: