Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են կայանալու, ընդ որում առաջիկայում: Մամուլի ասուլիսում նման համոզմունք է հայտնել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են արտահերթ ընտրությունների անայլընտրանքայնությունն ու պատրաստվում են դրանց: Շահնազարյանի խոսքով, հենց այդ հարցն է լինելու իշխանության հետ երկխոսության օրակարգում, Հայ ազգային կոնգրեսն անպայման հաջողության է հասնելու այդ առաքելության մեջ: Ընդդիմադիր գործիչը հավաստիացրել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը բխում է ոչ միայն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, այլեւ երկրի իշխանությունների շահերից:

Շահնազարյանը նշել է, որ առաջիկա 2 օրերի ընթացքում ՀԱԿ-ը կհրապարակի իր պատվիրակության կազմը, որը բանակցություններ կվարի իշխանությունների հետ:

Խոսելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին` Շահնազարյանը նշել է, թե Քոչարյանը «իր հանցագործությունների համար պետք է պատասխան տա Հաագայի դատարանի առջեւ»: «Նա հրաշալի գիտի դա: Ավելին, Քոչարյանն այժմ պատրաստվում է ամբաստանյալի իր դերին»,- հավաստիացրել է ընդդիմադիր գործիչը: