Ոստիկանությունը Փարիզում շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ 22 մարդու է բերման ենթարկել, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա շնորհակալություն է հայտնել ցույցին ներկա գտնված ոստիկաններին: Նախարարի խոսքով՝ նրանք այնտեղ երբեմն բախվում են «շատ դաժան մարդկանց»:

«Փարիզում տեղի ունեցած ցույցի կապակցությամբ 22 ձերբակալություն է տեղի ունեցել»,- Twitter-ում գրել է նախարարը:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հայտնել էր, որ «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի նախագծի 24-րդ հոդվածի դեմ նոր լայնածավալ գործողությունը սկսում է թեժանալ: Ոստիկանների ուղղությամբ քարեր, պայթուցիկներ են նետվել, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները Փարիզում առնվազն երեք մեքենա են հրկիզել: