Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նոտարները որպես կանոն գանձում են իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված գնային սանդղակի ամենաբարձր արժեքը: Կառավարությունն մայիսի 26-ի նիստում վերանայեց նոտարական ծառայությունների արժեքը` պահպանելով սակայն սանդղակի սկզբունքը: «Ի՞նչ կարիք կար սանդղակ սահմանել, եթե նոտարները միեւնույն է` գանձելու են առավելագույն արժեքը»,- մամուլում հրապարակված այս հարցադրումը կրկնելով` վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում պարզաբանեց, որ հիմք են ընդունել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի առաջարկությունները:

Ինքը` նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետեւյալ կերպ պարզաբանեց սանդղակի պահպանման անհրաժեշտությունը:

Սանդղակը թույլ է տալիս նոտարների միջեւ մրցակցության մթնոլորտ ստեղծել: Այսինքն` եթե նոտարն ավելի շատ աշխատող ունի, ավելի լավ է կահավորում գրասենյակը, ավելի որակյալ է մատուցում ծառայությունը` նա պետք է ավելի բարձր սակագին սահմանելու հնարավորություն ունենա: Սակայն նախկին սանդղակները անհիմն մեծ մարժա ունեին: Այսպես` սակագնի մարժան կարող էր տատանվել 500 դրամից մինչեւ 50 հազ. դրամի միջակայքում: Նոր սակագներում նման մեծ տարբերություններ չկան` մարժան 5 հազար դրամից չի անցնում: Բացի այդ` նոտարները պարտավոր են իրենց կողմից կիրառվող սակագների մասին տեղեկատվությունը փակցնել գրասենյակում: Մյուս նորամուծությունն այն է, որ նոտարի կողմից մատուցվող հավելյալ ծառայությունների համար քաղաքացիներից վճար չի գանձվելու (մեքենագրում, պատճենահանում եւ այլն):

Նշենք կառավարության կողմից սահմանված մի շարք նոտարական ծառայությունների նոր սակագները. Անշարժ գույքի օտարում` 10-15 հազ. դրամ, ավտոտնակի օտարում` 6-8 հազ. դրամ, ավտոտրանսպորտի օտարում`5-8 հազ. դրամ եւ այլն:

Ի դեպ` վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց մշտական մոնիտորինգի ենթարկել նոտարների գործունեությունը, եւ եթե նրանք շարունակեն նախկինի պես միայն առավելագույն սակագներով առաջնորդվել` լիովին հրաժարվել սանդղակներից: