Լողավազան այցելելու համար պոլիկլինիկայից տեղեկանք այլեւս չի պահանջվելու, որովհետեւ աշխարհում այդպիսի բան չկա։ Նման հայտարարությամբ այսօր` հունիսի 2-ին հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ կառավարությունը քննարկում էր պոլիկլինիկաների կողմից տրամադրվող տեղեկանքները կանոնակարգելու մասին որոշումը:
Ըստ վարչապետի` լողավազան գնալիս բժշկի թուղթ տանելը խորհրդային ժամանակներից մնացած սովորույթ է, որը սովորաբար ավարտվում է դրամաշորթությամբ:
Ընդհանուր առմամբ, կառավարությունը չեղյալ հայտարարեց մոտ 23 տեղեկանքների ներկայացման անհրաժեշտությունը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է հետեւյալ տեղեկանքներին. ուսումնական հաստատություններ դիմորդների եւ աշխատանքի ընդունման բժշկական հետազոտության, սննդի աշխատողների պարբերական բժշկական զննության, մանկավարժների եւ դաստիարակների առողջական վիճակի պարբերական բժշկական զննության, լողավազանից օգտվելու վերաբերյալ, սանատոր-կուրորտային բուժման մեկնողների համար, սանատոր-կուրորտային բուժման ուղեգրի ստացման համար, երեխայի որդեգրման եւ խնամակալության համար բժշկական, մինչեւ 18 տարեկան երեխաների առողջության կամ հիվանդության վերաբերյալ (այդ թվում՝ մարզադպրոց եւ սպորտային խմբակներ հաճախելու նպատակով), հիվանդությունից հետո երեխաների հաճախումը դպրոց, մանկապարտեզ թույլատրելու վերաբերյալ, ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, նախադպրոցական հաստատություն կամ դպրոց (շրջապատի թերթիկ) ընդունվելու համար:




























