Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` ավանդական եւ ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների մասին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ այս փոխըմբռնման հուշագրով սահմանվում է գիտելիքների ու փորձաքննության փոխանակման շրջանակը ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ Հայաստանում ավանդական եւ ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների բնութագրման ու գնահատման, ինչպես նաեւ այդ ռեսուրսների պատասխանատու եւ կայուն զարգացման ու շահագործման ասպարեզում:
Փոխըմբռնման հուշագիրը նաեւ ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների ծառայության ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից Հայաստանի էներգետիկ ռեսուրսների, այդ թվում այրվող թերթաքարների պաշարների համատեղ գնահատման ու տեխնիկական ուսումնասիրությունների հնարավորություն է նախատեսում:
Դեսպան Յովանովիչը նշել է, որ «գոհունակություն է հայտնում, որ նախարար Մովսիսյանի հետ ստորագրում է ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ լրացուցիչ համագործակցության մասին այս փաստաթուղթը, որը կօգնի ուսումնասիրել ու զարգացնել Հայաստանի էներգետիկ ռեսուրսները»:




























