Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Գերմանիայում դեկտեմբերի վերջից սահմանափակող միջոցառումների զգալի խստացման օգտին՝ կապված ծանր համաճարակաբանական իրավիճակի հետ: Ելույթ ունենալով Բունդեսթագում՝ նա կոչ է արել լրջորեն վերաբերվել նախօրեին հրապարակված «Լեոպոլդինա» գիտությունների ազգային ակադեմիայի հանձնարարականներին Ծննդյան տոների նախօրյակից՝ դեկտեմբերի 24-ից եւ ընդհուպ մինչեւ հունվարի 10-ը մեծածավալ խիստ լոքդաունի մասին, փոխանցում է DW-ն:

Մերկելի խոսքով՝ ինքն աջակցում է գիտնականների հանձնարարականներին այդ ժամանակահատվածում խանութներն ու դպրոցները փակելու մասին: Նա նաեւ առաջարկում է դպրոցներում ծննդյան արձակուրդներն ավելի վաղ սկսել՝ դեկտեմբերի 16-ից: Ինչպես նախկինում, նպատակը կորոնավիրուսով նոր վարակումների ցուցանիշը 7 օրում 100 հազար բնակչին մինչեւ 50 դեպք եւ ավելի քիչ նվազեցնելն է, շեշտել է Մերկելը: «Հակառակ դեպքում մենք դարձյալ կկորցնենք համավարակի վրա վերահսկողությունը»,- այնուհետեւ նշել է նա:

Կանցլերը միաժամանակ կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստումային արշավի մեկնարկից արագ արդյունավետության հույս ունենալ: Մեծ ռիսկի խմբում ընդգրկվածների պատվաստումները կսկսվեն արդեն եկող տարվա սկզբից, բայց առաջին ամիսներին չի հաջողվի մեծ թվով մարդկանց պատվաստել, որպեսզի դա նկատելիորեն փոխի համաճարակաբանական իրավիճակը, ընդգծել է նա:

Մերկելի խոսքով՝ միաժամանակ տարեցների, հիվանդապահների եւ բուժանձնակազմի արագ պատվաստումը հույս է տալիս արդյունք ունենալ այնտեղ, որտեղ այս պահին գրանցվում են COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշները:

Դաշնային կանցլերը նաեւ սխալ է համարում տեղական իշխանությունների թույլտվությունը փողոցներում գլինտվեյնի եւ խմորեղենի կրպակները բացելու մասին, որոնք այս տարի կփոխարինեն ծննդյան շուկաներին: Սա հակասում է պայմանավորվածությանը հանրային սնունդի կետերին միայն առաքմամբ սնունդ վաճառելու մասին, նշել է նա: Շփումների անբավարար նվազեցման գինը COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի ցուցանիշն է, որը գերազանցում է օրական 500 մարդուց, շեշտել է Մերկելը:

Ընդ որում՝ դաշնային կանցլերը վստահություն է հայտնել, որ Գերմանիայի բնակչության մեծամասնությունը այսուհետեւ եւս կկատարի կանոնները, որ ուղղված են համավարակի զսպմանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր գործիքը արգելքները, փակելը եւ վերահսկողություն չեն, չնայած եւ հիմա ստիպված ենք լինում դա հաճախ կիրառել: «Վիրուսի դեմ հաջող պայքարի հիմնական բանալին յուրաքանչյուր մարդու պատասխանատու վարքագիծն է եւ համատեղ ջանքերին պատրաստ լինելը»,- այնուհետեւ նշել է Մերկելը: