Ներկայիս իրավիճակում եւ իրադրությունում Հայաստանի գործող իշխանությունները ցուցադրում են ուղղակի խայտառակ անգրագիտություն: Այս մասին դեկտեմբերի 11-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ դրանից բացի, իրավիճակի վերահսկողության բացակայության առումով ներկայիս իշխանություններն օժտված են ֆանտաստիկ ունակությամբ: «Արդեն բավական երկար ժամանակ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան, այս երկրներից յուրաքանչյուրը յուրովի, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ են առաջ քաշում: Ընդհանրապես լռում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին՝ հատկապես, երբ լսում ես Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահների հայտարարությունները: Ամեն ինչ միանգամից ակնհայտ է դառնում: Եվ ահա, երբ արվում են այդ կարգի հայտարարություններ, երբ ձեզ ասում են, որ Երեւանը, Զանգեզուրը եւ Սեւանը, ու ընդհանրապես Հայաստանի ամբողջ տարածքը թուրքական է, եւ այս ֆոնին մեր իշխանությունները հայտարարում են, իբր, եկեք գնանք դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ապա առաջին պլան է մղվում ենթադրությունը, որ նրանք բոլորը խելքները թռցրել են: Նրանք կա՛մ չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում, կա՛մ հրաժարվում են հասկանալ, կա՛մ ընդհանրապես դա հատուկ են անում: Դու ինչպիսի դիվանագիտական հարաբերություններ կարող ես հաստատել երկրի հետ, որը բացահայտ եւ ակնհայտորեն քո, քո երկրի, քո մայրաքաղաքի նկատմամբ տարածքային հավակնություններ է ներկայացնում»,- արձանագրեց Աբովյանը:





























