Միջազգային թռիչքների վերականգնումը կսկսվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում եւ մինչեւ ամառ կհասնի «նախաքովիդային» ծավալների 70-80 տոկոսին, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Դանիական Saxo Bank ներդրումների բաժնի տնօրեն Սթին Յակոբսենը:

«Թռիչքների դանդաղ վերականգնումը կսկսվի 2021-ի առաջին եռամսյակում, եւ կարծում եմ, որ ամռանը կհասնի նախկին նորմալ ծավալների 70-80 տոկոսին: Ինչ վերաբերում է անձնագրերին, ապա Եվրոպային դուր է գալիս անձնագրերի տարբերակը, սակայն ես վստահ եմ, որ տեխնոլոգիաները եւ գիտությունը կսովորեն ավելի լավ ախտորոշել եւ վերահսկել վիրուսը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա կանխատեսում է, որ կյանքի սովորական ձեւը կվերադառնա միայն մասամբ, օրինակ` ճանապարհորդելն արձակուրդներին:

«Սակայն կարծում եմ, որ գործուղումները չեն հասնի նախկին մակարդակին, ընկերությունները կկրճատեն դրանք: Տնից աշխատելը սովորական երեւույթ կդառնա, եւ հենց դա կփոխի աշխարհը. մարդիկ կդադարեն ամեն օր գրասենյակներ գնալ, կլքեն քաղաքները: Մի շարք ընկերություններ արդեն հայտարարել են, որ երբեք չեն վերադառնալու հին աշխատաոճին: Դա միտում է, որը չի փոխվի»,- վստահ է Saxo Bank-ի ամենամյա ցնցող կանխատեսումների հեղինակ Յակոբսենը:

Նրա կարծիքով` ինչպես ընկերությունները, այնպես էլ աշխատակիցները հասկացել են, որ արդյունավետ լինելու համար գրասենյակ գնալու անհրաժեշտություն չկա: Ավելին, դա ոչ միայն ժամանակ եւ գումար է խնայում, այլ նաեւ օգնում է բարելավել շատ մարդկանց կյանքի մակարդակը: