ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը կվերադառնա միջուկային գործարքի իրականացմանը, պատժամիջոցները կհաջողվի չեղարկել: Նման կարծիք է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Չեմ կասկածում, որ Իրանի եռամյա դիմակայությունը ԱՄՆ հաջորդ կառավարությանը կստիպի ծնկի գալ Իրանի ժողովրդի առջեւ եւ վերադառնալ պարտավորությունների կատարմանը»,-ասել է Ռոհանին:

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ոգեւորություն չեն զգում Բայդենի հաղթանակի կապակցությամբ, սակայն ուրախ են, որ Դոնալդ Թրամփը հեռանում է:

Ավելի վաղ Բայդենը հաստատել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեւաչափին վերադառնալու ԱՄՆ մտադրությունը:

Նա հավելել է, որ վարչակազմը «մտադիր է մասնակցել բանակցություններին եւ հետագա համաձայնագրեր կնքել՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումները երկարաձգելու եւ խստացնելու համար, ինչպես նաեւ կզբաղվի երկրի հրթիռային ծրագրով»: