Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է Ֆորդո քաղաքում միջուկային օբյեկտի կառուցման մասին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք այդ մասին [շինարարության] տեղեկացրել ենք ՄԱԳԱՏԷ-ին եւ ոչինչ չենք թաքցրել»,- ասել է նա: Դիվանագետը հավելել է, որ «Իրանի գործողությունները [միջուկային ոլորտում] գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո»: «Մենք գործակալությանը խորհուրդ ենք տալիս զերծ մնալ քաղաքական հարցերից, ինչը կօգնի պահպանել ինչպես ՄԱԳԱՏԷ-ի հեղինակությունը, այնպես էլ կազմակերպության համագործակցությունն Իրանի հետ»,- ասել է նա:
AP-ն (Associated Press) ուրբաթ հաղորդել էր, որ արբանյակային նկարները վկայում են իրանական Ֆորդո քաղաքում միջուկային օբյեկտի ստորգետնյա շինարարության մեկնարկի մասին: Նշվում է, որ աշխատանքները սկսվել են սեպտեմբերի սկզբին:
Դեկտեմբերի 1-ին Իրանի Մեջլիսը կողմ էր քվեարկել մի օրինագծի, որը կառավարությանը պարտավորեցնում է բարձրացնել ուրանի հարստացման աստիճանը: Դրա համաձայն` երկրի իշխանությունները մեկ տարվա ընթացքում պետք է հազարական լրացուցիչ ցենտրիֆուգներ շահագործման հանձնեն Նաթանզ եւ Ֆորդո քաղաքներում գտնվող ատոմային կայաններում:





























