ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը նշել է Ազգային տնտեսական խորհրդի ապագա անդամների եւս մի քանի անուն: Նրա անցումային թիմի խոսքով՝ այդ մասնագետները կարող են դուրս բերել երկիրը կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամից, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
Ինչպես հաղորդում է Բայդենի թիմը, խորհրդի ղեկավարի տեղակալ կլինի Դեւիդ Քամինը, որն աշխատել է Սպիտակ տանը նախագահ Բարաք Օբամայի օրոք, իսկ ֆինանսական բարեփոխումների եւ սպառողների պաշտպանության գծով տեղակալ՝ Բխարաթ Ռամամուրթին՝ Էլիզաբեր Ուորենի նախընտրական շտաբի նախկին գլխավոր տնտեսական խորհրդականը:
Ջոել Հեմբլը կդառնա նախագահի՝ տնտեսական քաղաքականության գծով հատուկ օգնականը:
«Այժմ ժամանակը չէ վերադառնալ նախկին փորձին: Ժամանակն է կառուցել նոր ամերիկյան տնտեսություն, որն աշխատում է բոլորի համար»,-նշել է Բայդենը:
Բայդենի թիմի խոսքով՝ այդ փորձագետները կօգնեն դուրս բերել բոլոր ամերիկացիներին ընթացիկ տնտեսական ճգնաժամից եւ կառուցել ուժեղ, ներառական եւ ավելի կայուն տնտեսություն:
Կիրակի ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները ձեռք են բերել պայմանավորվածություն 900 մլրդ դոլարի չափով տնտեսական օգնության փաթեթի շուրջ:





























