ԱՄՆ-ում այս տարի տարբեր պատճառներով, այդ թվում՝ նոր կորոնավիրուսի հետեւանքով, մահացած մարդկանց թիվը կգերազանցի 3 միլիոնը եւ կհասնի երկրի պատմության մեջ ամենաբարձր ցուցանշին: Այդ կանխատեսումն է տարածել Associated Press տեղեկատվական գործակալությունը:
Լրատվականի հաշվարկներով՝ այս տարի ԱՄՆ-ում մահացածների թիվը կգերազանցի 3,2 միլիոնը: Դա շուրջ 400 հազարով ավել է (շուրջ 15 տոկոս), քան 2019 թվականին: Եթե կանխատեսումն իրականություն դառնա, այդ ցուցանշի աճը կլինի երկրում ամենամեծը՝ սկսած 1918 թվականից: ԱՄՆ-ում 1918 թվականին հիմնականում Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով մահացել է 46 տոկոսով ավելի շատ մարդ, քան 2017 թվականին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես դեկտեմբերի սկզբին հաղորդել էր NBC հեռուստաընկերությունը, COVID-19-ի պատճառով առաջացած բարդությունների հետեւանքով Միացյալ Նահանգներում մահացել է 292 098 մարդ: Վետերանների գործերով նախարարության տեղեկություններով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանվել է 291 557 զինծառայող ԱՄՆ-ից: Եւս 113 842 ամերիկացի մահացել է ոչ մարտերի ժամանակ:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 18,08 մլն դեպք, մահացել է 320 551 մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով էլ զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում:





























