Կորոնավիրուսի նոր տարատեսակով վարակվածներ են հայտնաբերվել Պորտուգալիայի Մադեյրա կղզում. կորոնավիրուսի նոր շտամը դարձել է Մեծ Բրիտանիայում վարակի դեպքերի կտրուկ աճի պատճառը, հաղորդում է Reuters-ը:
Քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային մարմնի հայտարարության մեջ նշված է, որ նոր շտամը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից Մադեյրա ժամանած ճանապարհորդների մոտ:
Ընդ որում՝ չի նշվում ո՛չ վարակվածների հստակ թիվը, ո՛չ ժամանակահատվածը, թե երբ են հայտնաբերվել այդ դեպքերը:
«Հայտնաբերումը հնարավոր էր դարձել միայն Մադեյրայի միջազգային օդանավակայանում սքրինինգային կենտրոնի մշակած գործողությունների շնորհիվ, որոնք թույլ են տալիս հետեւել, հայտնաբերել եւ ուղղորդել դրական դեպքերը»,-նշված է կառույցի հայտարարության մեջ:
Պորտուգալիայում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 394 573 դեպք, ընդ որում՝ COVID-19-ով 6 619 պացիենտ մահացել է:





























