Որոշ բենզալցակայաններում հեղուկ գազի 1 լիտրը թանկացել է 30 դրամով` 170-ից հասնելով 200 դրամի: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գնաճը պայմանավորված է մի քանի հանգամանքներով։
«Հեղուկ գազի գնի բարձրացումը տրամաբանական ու կանխատեսելի էր՝ նկատի ունենալով այն, որ արդեն իսկ բարձրացել էին բենզինի եւ դիզելային վառելիքի գները, իսկ հեղուկ գազը, բենզինն ու դիզելային վառելիքը իրար փոխարինող ապրանքներ են։ Բացի այդ, գնաճը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրամն է արժեզրկվել, իսկ դրա հետեւանքով ներկրվող ապրանքները թանկանում են, այդ թվում՝ հեղուկ գազը, որի ներկրման համար մենք վճարում ենք արտարժույթով։ Երրորդ գործոնը, որով պայմանավորված է հեղուկ գազի գնի բարձրացումը՝ այն է, որ հեղուկ գազ վաճառող կետերը բացասական սպասումներ ունեն։ Նրանք կարծում են, որ հնարավոր է՝ դրամն ավելի արժեզրկվի եւ իրենց հաշվարկներն իրականացնում են ոչ թե ներկայիս փոխարժեքով, այլ ավելի բարձր, իրենց համար ֆինանսական անվտանգության բարձիկներ ստեղծելով։ Կա եւս մեկ գործոն՝ վառելիքի սպառման ծավալները նվազել են, եւ եթե, օրինակ, նույն հեղուկ վառելիքի կետը օրական վաճառում է 2-3 տոննա հեղուկ վառելիք, հիմա դա 30-40 %-ի չափով նվազել է, բայց իր հաստատուն ծախսերը նույնն են մնացել, եւ ինքը այդ փողը պետք է հանի ապրանքի գնից»,- նշեց Սուրեն Պարսյանը։
Վառելիքի թանկացման հետեւանքով շղթայական ազդեցությամբ թանկանալու են նաեւ այլ ապրանքներ, որովհետեւ ըստ տնտեսագետի՝ վառելիքը հանդիսանում է այլ ապրանքների ինքնարժեքի մեջ մտնող կարեւոր բաղադրիչ։ Բացի այդ, վառելիքի շուկան ըստ նրա՝ շարունակում է մնալ որպես մենաշնորհ։
«Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողները նաեւ գին են թելադրում, այսինքն՝ իրենք միասնաբար բարձրացնում են, միասնաբար էլ՝ իջեցնում։ Եթե շուկան մրցակցային լիներ, տնտեսվարողները մեկը մյուսից շաբաթներ հետո կվերանայեին գինը կամ կփորձեին գինը պահել, բայց իրենք իրար հետ բանակցում են եւ կարողանում են միասնաբար բարձրացնել եւ միասնաբար էլ իջեցնել»,- ասաց տնտեսագետը։
Օրերս Կառավարության լրատվական վարչությանը տված հարցազրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ եկող տարվա համար երկնիշ տնտեսական աճի կանխատեսումը վերահաստատում է։ Սուրեն Պարսյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե նախարարի ասածը իրատեսակա՞ն է, ի պատասխան տնտեսագետն արձագանքեց․
«Նախարարի ասածը նույնիսկ Կառավարության պաշտոնական փաստաթղթերի մեջ չկա։ Այսինքն՝ նույնիսկ Կառավարությունը չի իրատեսական համարում, էլ ուր մնաց ուրիշները համարեն։ 2021թ․-ի պետական բյուջեով նախատեսված է, որ տնտեսական աճը լինելու է 3, 2%, իսկ տարբեր միջազգային կազմակերպություններ ավելի ցածր են կանխատեսել։ Բարձր տնտեսական աճ ունենալու համար պետք է հիմքերը դնեին 2020թ․-ից, իսկ 2020թ․ամենավատ տարին էր վերջին տասներկու տարիների համեմատ։ Այս պահին 11 ամիսների հաշվարկով ունենք 7, 2% անկում, վստահաբար այդ անկումը կբարձրանա»։
Տնտեսագետի խոսքով՝ տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է։ Օրինակ, եթե տարվա ընթացքում անկում ունեինք շինարարության, ծառայությունների, առեւտրի ոլորտներում, ապա հիմա անկում ունենք նաեւ արդյունաբերության ոլորտում։
«Էկոնոմիկայի նախարարը, երբ նման պնդում է անում, պետք է ուշադրություն դարձնի 2021թ․-ի տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերին, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է շուրջ 90 մլրդ դրամով։ Այսինքն՝ պետությունը նվազեցրել էր իր ներդրումները, ծախսերը 2021թ․-ի համար։ Առհասարակ, 2021թ․-ի պետական բյուջեն մոտ 7 %- ով ավելի քիչ է, քան 2020թ․-ինը։ Մենք մի տարի ենք ունենալու, որտեղ պետությունը քիչ գումար է ներդնելու, եւ մենք ակնկալում ենք, որ մասնավորները շատ ներդրումներ կատարեն, բայց սա իրատեսական չէ։ Պետք է ճիշտ գնահատել իրավիճակը, բիզնեսին ու հանրությանը ամբողջական ազդակներ փոխանցել, հակառակ դեպքում մարդիկ նկատելով այդ պոպուլիստական եւ չհիմնավորված հայտարարությունները՝ ավելի են հիասթափվում»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն։
Սուրեն Պարսյանն ընդգծեց նաեւ, որ ծայրահեղ լիբերալ մոտեցումից պետք է հրաժարվել, որովհետեւ թյուր կարծիք է, թե կարելի է ամեն ինչ թողնել մասնավորի վրա եւ հույս ունենալ, որ մեր երկիրը կզարգանա։
«Որեւէ երկիր նման մոտեցմամբ չի զարգացել, եւ մենք էլ չենք զարգանալու»,- շեշտեց նա ու հավելեց, որ ներդրումները ինքնանպատակ պետք է չլինեն, պետք է ոչ միայն ուշադրություն դարձնել, թե ինչքան փող են բերում, այլեւ, թե ով է բերում, ինչ նապատկով եւ ինչ ոլորտներում է այդ փողը դնում։
«Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ երկիր միլիարդավոր դոլարների ներդրումներ են հոսում, բայց դրանից ժողովուրդը չի օգտվում, քանի որ իրենք այնպիսի ենթակառուցվածքներ են ստեղծում, որ իրենք աշխատողին բերում են, աշխատեցնում եւ գումարը տանում։ Դրա օրինակներց մեկը կարող ենք ընդունել նաեւ Հայաստանը, երբ այս տարվա վեց ամիսների հաշվարկով՝ Հայաստանից 70 մլն դոլար է արտահոսել։ Հայաստանում օտարերկրյա ներդրողը աշխատելով գումար, ոչ թե վերաներդրել է այն Հայաստանում, այլ տարել է, այսինքն՝ ինքը հույս չի կապում, չի վստահում Հայաստանի տնտեսական, քաղաքական կայունությանը, եւ գումարները հանում, տանում է այսպես ասած՝ ավելի խաղաղ նավահանգիստներ»,- նշեց Սուրեն Պարսյանը։




























