Բելառուսում սկսվում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը: Բելառուսում առաջին պատվաստանյութը մատակարարվել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 29-ին:
«Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունը, ՌԴ առողջապահության նախարարությունն ու Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում են Բելառուսի բնակչությանը պատվաստման սկզբի մասին»,-ասվում է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը նշել է, որ հիմնադրամի եւ բելառուսցի գործընկերների միջեւ համագործակցության հաջորդ փուլը կլինի հանրապետությունում պատրաստի պատվաստանյութի թողարկման կազմակերպումը:
Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինեւիչի խոսքով՝ առաջինը կպատվաստվեն բուժաշխատողները, ուսուցիչներն ու այն քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտության առանձնահատկությունից ելնելով շատ են շփվում մարդկանց հետ: «Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին այդ հարցի լուծման գործում ակտիվ փոխգործակցության եւ ռազմավարական համագործակցության համար»,-ասել է նա:
Բելառուսը ՌԴ-ից հետո դարձել է առաջին պետությունը, որը պաշտոնապես գրանցել է «Սպուտնիկ V»-ը: Պատվաստանյութին հավանություն է տրվել դեկտեմբերի 21-ին: Բելառուսի տարածքում հոկտեմբերի 1-ից կսկսվեն «Սպուտնիկ V»-ի առաջին արտասահմանյան կլինիկական հետազոտությունները:





























