Հայ հեղափոխական դաշնակցությունը ողջունում է իշխանությունների եւ ընդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը, քանի որ կարծում է, որ նման երկխոսության ընթացքում շատ հարցեր կորղ են իրենց լուծումն ստանալ: Այս մասին այսօր` հունիսի 6-ին ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Որպես օրինակ նա բերել է իշխանությունների հետ ՀՅԴ-ի երկխոսության միջոցով որոշ հարցեր դրական լուծման հասնելը: Խոսքը, մասնավորապես, գնում է գազի գնի մասին. ՀՅԴ-ի հզոր պայքարի եւ ճիշտ հարցադրումների արդյունքում իշխանությունները ստիպված եղան լուծել այդ հարցը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սոցիալապես անապահով խավերի գազի սակագնի փոխհատուցման ուղիներ գտավ»,- ասել է նա:

Միաժամանակ, Հովհաննիսյանն ընդգծել է, որ իշխանություն-ՀԱԿ երկխոսության արդյունքներն արդեն երեւում են, քանի որ հիմա իշխող ուժերը ՀԱԿ-ի հետ միասին համախմբված պայքար են սկսել ՀՅԴ-ի դեմ:
«Բայց դրանից մեր վիճակը չի վատանում, հակառակը` դա իր դրական ազդեցությունն  ունենաում: Ճնշման ուժի մեծացմանը զուգահեռ մեծանում է նաեւ մեր դիմադրության ուժը»,- ասել է ՀՅԴ գործիչն ու հավելել, որ ՀԱԿ-ը հիմա հայտարարում է, որ 1992-ին ՀՅԴ-ն Ղարաբաղում կռվելու փոխարեն ապակայունացնում էր իրավիճակը պատերազմող երկրի մայրաքաղաքում` հանրահավաքներ անցկացնելով:

«Բայց նման հայտարարություններով հանդես գալու համար պետք է վերջին սրիկան լինել, քանի որ փաստացի ՀՅԴ-ի բոլոր անդամները այդ տարիներին կռվել են Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Հովհաննիսյանը, սակայն լրագրողների հարցադրումների ճնշման տակ, ստիպված է եղել խոստովանել, որ, այդուհանդերձ, այն դաշնակցականները, ովքեր չեն կռվել Ղարաբաղում, այլ քաղաքական ուժերի հետ միասին միտինգներ են կազմակերպել Երեւանի կենտրոնում:

Նա հայտրարել է, որ եթե ՀՅԴ-ն այդ ժամանակ միտինգներ չաներ Երեւանում, իշխանություններն ավելի թույլ կլինեին եւ չէին կարողանա հաղթել պատերազմը:

Կրկին անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, որ երկու կողմերից պատվիրակությունների կազմումը եւ «բանակցությունների» անցկացումը առնվազն տարօրինակ կլիներ: «Դա նման կլիներ քաղաքացիական պատերազմի»,- ամփոփել է նա: