Հանրապետական կուսակցությունը պատրաստ է ցանկացած ուժի հետ երկխոսելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Սակայն ընդդիմության դաշտից չկա մեկը, որի հետ նստեմ ու բանակցեմ, սա իմ անձնական կարծիքն է»,-հայտարարեց Սահակյանը:
Նա նշեց, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ընտրած երկխոսության ձեւն անընդունելի է, քանի որ երկխոսության այդ ձեւը այլ ուժերի նկատմամբ մոնոպոլ կարգավիճակ ստեղծելու նպատակ է հետապնդում: Այն ֆորմատը, որ ՀԱԿ-ն է ընտրել` պատվիրակություն կազմելը, Գ.Սահակյանը ոչ թե բացառում է, այլ ծիծաղելի է համարում:
«Մեր օրակարգում պատվիրակություն կազմելու խնդիր դրված չէ: ՀԱԿ-ին թվում է, որ արտահերթ ընտրությունների հարցը միայն իրենք ու իշխանությունը պետք է լուծեն: Մենք նման մտքերին տուրք չենք տալիս, մենք դրա ժամանակը չունենք, քանի որ շատ խնդիրներ ունենք թե´ երկրի ներքին, թե´ արտաքին կյանքում: Իրենք ուզում են առանց ջանքեր թափելու գան, մենք ուզում ենք ջանքեր թափելով ժողովրդի առաջ հաշվետու լինենք»,- ասաց Գ.Սահակյանը` հավելելով, որ «ՀԱԿ-ը դեռ տունտունիկ խաղալու վիճակում է»:
Ըստ Սահակյանի` քաղաքական երկխոսությունն արդեն սկսված է: Իշխանության նպատակը, իշխանական գործչի խոսքով, քաղաքական իրավիճակը չսրելն է, իսկ ՀԱԿ-ի առաջարկը իշխանությունները պատրաստ են քննարակել թե´ ԱԺ-ում, թե´ կլոր սեղանի շուրջ: «Եթե նրանք ասեն, օրինակ, հինգշաբթի` ժամը 7-ին հանդիպենք, մենք կքննարկենք, եթե այդ ժամին ազատ լինենք, կհանդիպենք, եթե չէ` կասենք հարմար չէ, նրանք այլ ժամ ու տեղ կառաջարկեն, հետո կհանդիպենք»,- նկատեց Գալուստ Սահակյանը:




























