Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը պետք է տեղի ունենա ողջամիտ ժամկետներում, եւ եթե գործընթացն իշխանությունների կողմից ձգձգվի, Հայ ազգային կոնգրեսը կսկսի այլ քայլերի դիմել։ Հունիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար, իշխանությունների հետ բանակցելու պատրաստ ՀԱԿ պատվիրակության անդամ Ֆելիքս Խաչատրյանը՝ միաժամանակ չպարզաբանելով, թե հատկապես ի՞նչ քայլերի մասին է խոսքը։

«Առանց այդ էլ, իշխանության գործողություններում ժամանակ շահելու միտում է նկատվում»,- ընդգծեց նա։

Հարցին, թե ինչո՞վ կբացատրի պատվիրակություն կազմելու ՀԱԿ շտապողականությունը,  Խաչատրյանը նկատեց. «Չեմ  կարծում, որ ՀԱԿ-ն այս հարցում շտապողականություն  է ցուցաբերել։ Մեզ համար թանկ է յուրաքանչյուր օրը, եւ երկրի առջեւ ծառացած խնդիրներին լուծումներ պետք է տալ օր առաջ»։

ՀԺԿ քարտուղարի հավաստմամբ, իշխանությունների հետ բանակցող պատվիրակության կազմի ընտրությանը ոչ ոք դեմ չի եղել, կազմը ՀԱԿ քաղխորհրդի կողմից ընտրվել է միաձայն որոշմամբ՝ չնայած, որ կարելի էր առավել ներկայացուցչական կազմ ներկայացնել։ 

NEWS.am-ի թղթակցի հարցին՝ չի՞ կարծում, որ տրամաբանորեն հակառակ օրակարգ ունենալու պարագայում (ՀԱԿ-ը հայտարարում է, թե իշխանությունների հետ երկխոսության միակ թեման կարող են լինել արտահերթ ընտրությունները, մինչդեռ իշխանությունը բացառում է այդ հարցի քննարկման որեւէ ձեւաչափ) երկխոսությունը, դեռ չսկսված, դատապարտված է տապալման, Ֆելիքս Խաչատրյանն ասաց. «Այդ պարագայում միակ մեղավորը կլինի իշխանությունը։ Մեր դուռը ոչ ոքի առջեւ փակ չէ, միայն թե մարդիկ ազնիվ ձգտումներով գան մեզ մոտ»։
Ամփոփելով՝ ՀԱԿ ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ «Հայաստանում՝ դեռ 1998-ից, բոլոր դժբախտությունների պատճառը ոչ լեգիտիմ իշխանություններն են»։

Նշենք, որ իշխող հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ի կողմից իշխանությունների հետ «բանակցողների» խմբի ձեւավորման փաստը, ավելի վաղ ասել էր, թե Հայաստանի իշխանությունները մտադիր չեն բանակցությունների սեղանի շուրջ նստել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ` ՀԱԿ առաջարկվող օրակարգով` հանրապետությունում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի