Եթե դեռ մի քանի տարի առաջ ՀՅԴ-ի օրակարգում հարցերի մեծ մասն ուներ ազգային ուղղվածություն, ապա այսօր օրակարգի 70-80 տոկոսը կազմված է սոցիալ-տնտեսական ուղղվածության հարցերից, քանի որ առանց այդ խնդիրների լուծման անհնար է հասնել գլոբալ ազգային շահերին առնչվող հարցերի իրականացմանը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ընդ որում, նա նկատել է, որ Դաշնակցությունը պնդում է, թե Հայաստանը կարող է նորմալ զարգանալ առանց ազգային հարցերում փոխզիջումներ անելու, ինչպիսիք ղարաբաղյան հարցն է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, բացարձակ հակառակ կարծիքն ունի Հայ ազգային կոնգրեսը:

«ՀԱԿ-ը մասնավորապես կարծում է, որ Հայաստանի հետագա զարգացումը պայմանավորված է ազգային հարցերում փոխզիջմամբ: ՀԱԿ-ում կարծում են, որ «Սերգոն կարող է լավ ապրել» միայն Ղարաբաղը հանձնելու եւ հայ-թուրքական հարաբերություններում փոխզիջման դեպքում»,- նկատել է Հովհաննիսյանը: Նա նաեւ նշել է, թե Հայաստանի իշխանությունների տեսակետը այդ երկու դիրքորոշումների միջինն են ընտրել:

«Հայաստանի իշխանություններն ասում են, որ Հայաստանի զարգացումը չպետք է լինի ի վնաս ազգային շահերի... միաժամանակ պնդում, որ զարգացմանը խանգարում են եղանակային պայմաններն ու միջազգային ճգնաժամը»,- ասել է Հովհաննիսյանը: