ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը  9-րդ է մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ  աշխատվարձերի  անհամապատասխանության առումով:  Նման տվյալներ է ներկայացրել ԱՊՀ միջպետական վիճակագրական հանձնաժողովը: Կազմված վարկանիշային աղյուսակը ցույց է տալիս յուրաքանչյուր երկրի ներսում եկամուտների բաշխվածության անհամամասնությունների մակարդակը:

Առաջին տեղն զբաղեցնում է Դուշանբեն (Տաջիկստան), որտեղ 2010թ. անվանական աշխատավարձը եղել է միջինը 97%-ով ավելի, քան ողջ երկրում: Մայրաքաղաքից դուրս աշխատավարձի մակարդակը շատ ցածր է, իսկ մարզերի բնակիչները հիմնականում ապահովում են իրենց  եկամուտը օժանդակ տնտեսության միջոցով, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Երկրորդ հորիզոնականում է Մոսկվան, որտեղ աշխատավարձը 91%-ով բարձր է, քան ամբողջ Ռուսաստանում: Երրորդ տեղում է Կիեւը. այստեղ աշխատավարձի մակարդակը  53% -ով է գերազանցում երկրի տարածքում արձանագրված միջին ցուցանիշը:

Վերջին` իններորդ տեղում Երեւանն է: Աշխատավարձերի անհամապատասխանությունը երկրի մյուս տարածքների համեմատ այստեղ կազմում է  10%:

Յոթերորդ եւ ութերորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Մինսկը (31%) եւ Քիշնեւը (25%). Բելառուսում եւ Մոլդովայում  տնտեսության մեծ մասում աշխատավարձը կանոնակարգվում է պետության կողմից: