Դիարբեքիրի քաղաքապետ, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության անդամ Օսման Բայդեմիրին Իգդիրում մեծ ոգեւորությամբ են դիմավորել:

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ` Իգդիրում քրդական կուսակցության կողմից ներկայացված անկախ թեկնածու Փերվին Բուլդանին աջակցելու  համար կազմակերպված հանրահավաքին մասնակցել են Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, Իգդիրի փոխքաղաքապետ Հուսեյն Մալքը, BDP-ի Իգդրի նահանգային կառույցի ղեկավարն ու այլոք:

Հանրահավաքի սկզբում Փերվին Բուլդանը Իգդիր ժամանած հյուրերին ողջունել է` «Բարի գալուստ Հայաստանի հետ սահման ունեցող Իգդիր» արտահայտությամբ: «Ընտրություններից հետո ինքնավարություն կհռչակվի: Երկար տարիներ քուրդ ժողովրդի նկատմամբ բռնություն է կիրառվում:  Քուրդ ժողովուրդն իր վճիռը կկայացնի` քվեատուփի մեջ թաղելով իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությանը:

Այնուհետ ելույթ է ունեցել Դիարբեքիրի քաղաքապետը` քննադատելով իշխանությունների քաղաքականությունը քրդերի նկատմամբ: «Վարչապետ Էրդողանը կեղտոտ քաղաքականություն է իրականացնում: Նրա բաժանած լվացքի մեքենաներն էլ չեն կարող լվալ այդ կեղտը:  2005-ին ես էլ եմ նրան հավատացել եւ ծափահարել եմ: Սակայն որոշ ժամանակ իշխանությունը հարբեց: Ուր, որ գնում են, սկսում են սպառնալ այն մարդկանց, ովքեր իրենց համախոհները չեն: Աստված նրանցից հեռու պահի»,-ասել է Օսման Բայդեմիրը: