Եմենի կառավարությունը պետք է օգտվի նախագահ Ալի Սալեհի բացակայությունից եւ իշխանությունը խաղաղ եւ արագ ճանապարհով հանձնի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք կոչ ենք անում իշխանության խաղաղ եւ կարգավորված փոխանցման: Ենթադրում ենք, որ իշխանության անհապաղ փոխոխությունը Եմենի ժողովրդի շահերից է բխում», -ասել է պետքարտուղարը Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի հետ համատեղ ասուլիսում:
Եմենի գործող նախագահ Սալեհը ներկայումս գտնվում է Սաուդյան Արաբիայում , որտեղ բուժվում է նախագահական պալատի հրթիռակոծման ժամանակ ստացած վնասվածքներից: Պետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է փոխնախագահ Հադին:
Ստեղծված իրավիճակում որոշիչ դեր կարող է խաղալ Սաուդյան Արաբիան, որի թագավորը հնարավորություն ունի Սալեհին այլեւս բաց չթողնել երկրից: Թագավորությունը չեզոք դիրք էր զբաղեցնում Եմենում ողջ քաղաքական ճգնաժամի ընթացքում: Սակայն, շատ փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ը եւ Եվրոպան ճնշում են գործադրում թագավորի վրա, որպեսզի Սալեհի ներկայությունն այնտեղ մշտական լինի:




























